Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ եւ ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը: Ինչպես հայտարարել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արեւելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք:
Բանակցությունների արդյունքում զինտեխնիկան եւ զորքերի մեծ մասը ետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ: Տեղի ունեցածի արդյունքում վերը նշված հատվածում Ադրբեջանը ամրապնդել է սթ. մայիսի 12-ին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման հետեւանքով ունեցած ներկայությունը:
Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում:
Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության նորանոր տարածքային եւ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ: Այս իրավիճակն ուղիղ սպառնալիք է ստեղծում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար:
Դեռեւս սթ. մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:
Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր՝ ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի: Մեր խորհրդարանական գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ Հայաստանի տարածքների օկուպացիան պարզաբանող եւ լուսաբանող հայտարարություններով: